«Ի հեճուկս իր մահվան իրողությունը խորհրդանշող 1928-ի, 1967 թվականի ոսկեգույն աշնանը Երևանում հայտնվեց Գեորգի Յակուլովը։ Շատերը նրան տեսան գուցե ավելի իրական ու շոշափելի, քան Բալզակն էր տեսնում իր հերոսներին, մանավանդ եթե նկատի ունենանք, որ այդ օրերին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել էր Հրաշալի Ժորժի գեղանկարների, գծանկարների, բեմանկարների ցուցահանդեսը»։
Մարտին ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
«Գույն, նշան, գիր»
ՄԱՐՏԻԿ-ՄԵՆԱԿՅԱՑԸ, ՏԵՍԱԲԱՆՆ ՈՒ ԱՍՊԵՏԸ
Նշանավոր բեմադրիչ Ալեքսանդր Թաիրովը նրա մասին գրել է այսպես. «Յակուլովը շրջապատված էր թշնամական օղակով։ Յակուլովը մարտիկ-մենակյաց էր։ Առասպելական ասպետի նման նա հաղթահարում էր արգելքը, ու միևնույն պահին այդ նույն տեղում հայտնվում էին հարյուրավոր ուրիշ արգելքներ»։
Այնինչ նրանով և նրա արվեստով հիացած էր արվեստասեր աշխարհը, հիացած էին ռուսներն ու հայերը, ֆրանսիացիներն ու վրացիները, շատերը։ Գեորգի Յակուլովը, ըստ որոշ հեղինակավոր կարծիքների, առհասարակ 20-րդ դարի սկզբի խոշորագույն բեմանկարիչն էր և փայլուն գեղանկարիչներից մեկը, մարգարե էր ինչ-որ չափով։ Հիմնավոր ակադեմիական կրթության բացակայությունը Յակուլովին ամենեևին չխանգարեց դյութիչ նկարներ նկարելու և տեսական փայլուն նյութեր գրելու։ Ծանոթանանք ևս մի բնորոշման, որի հեղինակը կուսակցական և պետական գործիչ, Հայաստանի Կենտգործկոմի նախագահ Արտաշես Կարինյանն է. «Յակուլովը մշտապես մնաց միայնակ, պաշտոնական շրջաններից դուրս, հոսանքներից դուրս, միայնակ և անտուն արվեստագետ-խռովարար։ Յակուլովը շատ զգաստ, բայց և շատ տաքարյուն մարդ էր, հետո` մի քիչ դարդիման, ինչպես ռուսներն են ասում` վերջին շապիկը կհաներ, կտար։ Ինձ շատ էր զարմացնում այն հանգամանքը, որ Յակուլովի մոտ ազատ ելումուտ ունեին նաև փողոցի անապաստան երեխաները։ Նա կարողացել էր գրավել նույնիսկ այդ երեխաների սիրտը։ Երեխաներ, որոնք ակամա հակված էին խուլիգանության, ավազակության։ Ծանր ժամանակներ էին։ Բայց բավական էր, որ մի անգամ այդ երեխաներն ինձ տեսնեին Յակուլովի հետ փողոցով անցնելիս, հարգանքով ու ակնածանքով էին վերաբերվում նաև ինձ»։
Նրան` խենթ և ալեկոծուն այս համաշխարհային տաղանդին, ակնածանքով և սիրով էին վերաբերվում բոլշևիկյան Ռուսաստանի լուսավորության ժողկոմ Լունաչարսկին, Պրոկոֆևը, նաև Դյագիլևը, Եսենինն ու Մայակովսին, Պիկասոն և Յուջին Օ’Նիլը, Այսեդորա Դունկանը, Պ. Կոնչալովսկին։ Շատերը։ Մարտին Միքայելյանի պնդմամբ, Յակուլովը 21 տարեկանում` 1905-ին, լուծում է ձևական այնպիսի խնդիրներ, որոնցով տարիներ հետո պիտի հրապուրվեին նշանավոր վարպետները, ի թիվս նրանց` Ռոբեր Դելոնեն։
Նա, ըստ իս, հայկական մանրանկարչության կոթողային հորինվածքի և պերճագեղ ճաշակի մունետիկն էր 20-րդ դարում։ Նա փորձում էր մի գեղագիտական տիրույթում համատեղել երկու հակադիր աշխարհների` Արևելքի և Արևմուտքի արվեստը։ Եվ համատեղում էր, մի բան, որ հասանելի չէր շատերին, մի բան, որում չկար ոչինչ արտառոց. չէ՞ որ հայկական մշակույթը (որպես հայ ազգային ինքնության ստեղծարար դրսևորույթ) ինքնին Արևելքի և Արևմուտքի հոգևոր և աշխարհիկ միահյուսվածքն է։ Հայտնի է, որ նա 1927-ին Փարիզում կռահեց ինչ-ինչ խնդիրներ, որոնք ապարդյուն փորձում էին հստակեցնել Եվրոպայի առաջատար մշակութաբաններն ու արվեստագետները։ Եվ ահա հայտնության նման հնչեց Յակուլով-Յակուլյանի խոսքը Փարիզի մի նկարչական հավաքույթում. «Ռոբեր Դելոնեի կտավները ֆրանսիական գեղանկարչության կոլորիստական ճյուղի շարունակությունն են»։ Այս անզուսպ նորարարը ըմբռնումով էր հետևում այլ արվեստագետների փնտրտուքներին։ Յակուլովը շիտակ էր մանկան նման։ Եվ բաց էր աշխարհի առաջ, բայց այնքան, որքան որ աշխարհը կարող էր ընկալել իրեն։ Պրոկոֆևն ու Դյագիլևը անում էին հնարավորն ու անհնարինը, որպեսզի Յակուլովը աշխատեր Փարիզի թատրոններում։ Նա համաշխարհային բեմանկարչության մեջ և՛ բարեփոխիչ էր, և՛ հեղաշրջիչ։
Ահա թե ինչպես է բնութագրել Գեորգի Յակուլովին Եվրոպայի ամենահեղինակավոր գեղագետներից մեկը` Ֆրանսիայի սենատոր և լուսավորության նախարար Գի դը Մոնզին. «Այդ հայը արկածային ճանապարհներով և հակասական ազդեցությունների աննախադեպ ժխորի միջով հասել է գունային շվայտության ու գաղափարների մոլեգնության, որը հանգեցնում է հեղափոխության»։
ԶՈՒՏ ՅԱԿՈՒԼՈՎՅԱՆ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐ
Նա կարճ ժամանակ անց հեռացվեց Մոսկվայի Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտից։ Ակադեմիական դասաժամերը սպանիչ ձանձրույթով էին պատում նրան, հետո էլ երիտասարդի անհայտ աստղը հայտնվել էր կերպարվեստի երկնակամարում։ 1901-1903 թթ. սովորում է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, բայց դեպքից դեպք այցելելով այս հռչակավոր հաստատություն, քանզի համոզված էր, որ ուսուցումը «օտար աշխարհայացքի պարտադրանք» է։ 1903-ին 19-ամյա Գեորգի Յակուլովն անդամագրվում է կովկասյան գնդերից մեկին։ 1904-ին մեկնում է ռազմաճակատ, պահեստի սպա Յակուլովը մասնակցում է ռուս-ճապոնական պատերազմին, վիրավորվում է Խարբինի մատույցներում։ Նա խիզախ-խենթ էր, գրոհի էր տանում իր զինվորներին... պճնված ֆրակով և թիթեռնիկով։ Մանջուրիայում նա ուրվանկարում էր, ուսումնասիրում էր շրջակա աշխարհը, նաև չինական գեղանկարչության ոճի և ռիթմերի ծագման խնդիրները։
1906-ին Մոսկվայի նկարիչների ընկերակցության ցուցահանդեսում ներկայացվում է մի գլուխգործոց կտավ` «Ձիարշավը»։ Ցուցահանդեսները հաջորդում էին մեկը մյուսին, որոնք կազմակերպում էին «Միր իսկուստվա», «Զոլոտոյե ռունո», և «Վենոկ» գեղարվեստական խմբավորումները։ Նրա տաղանդը հիացմունքի առարկա էր, նրա հմայքն անկասելի էր։ Եվ այս միայնակ խենթ հայորդին կնքվեց «Հրաշալի Ժորժ» պատվո տիտղոսով։ «Հրաշալի Ժորժը» բոլորի հետ էր, բայց անկախ էր բոլորից, նաև ժամանակից։ Նա շրջանցել էր ժամանակը։
«ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ԱՐԵԳԱԿՆ» ՈՒ «26-Ի ՄՈՆՈՒՄԵՆՏԸ»
1910-ին Յակուլովը ուղևորվում է դեպի Իտալիա, հանգրվանում է Ֆրանսիայում և Գերմանիայում։ Նպատակը` կոլորիտի տեսական հարցերի քննարկումը նշանավոր մասնագետների հետ։
Տարիներ անց նա իր մտքերն ամփոփում է «Ալցիոնա» ալմանախում հրատարակված «Երկնագույն արեգակը» հոդվածում։ Յակուլովի գույների տեղաշարժման, գծերի ու լույսի փոխհարաբերության և ոճերի ծագման տեսությունը լայնորեն կիրառվում է թատրոնում։ Նրա երախայրիքը Պ. Կլոդելի «Փոխանակություն» պիեսի ձևավորումն էր Մոսկվայի կամերային թատրոնում։ Այստեղ ձևավորում է Թ. Ա. Հոֆմանի «Արքայադուստր Բրամբիլլա» և Շ. Լեկոքի «Ժիրոֆլե-Ժիրոֆլյա» ներկայացումները, որոնք հետագայում ցնցում են Փարիզը։
Նա ֆրակով և թիթեռնիկով «սպառազինված» խարխլում էր պնդակուռ կաղապարները և շրջանցում էր իր ալեբախուն ժամանակը։ 1919-ին Ս. Եսենինի, Ա. Մարիենգոֆի և Վ. Շերշենևիչի հետ կազմում և վավերացնում է «Իմաժինիստների հռչակագիրը»։ 1923-ին ճարտարապետ Վ. Շչոկոյի հետ ստեղծում է «26-ի մոնումենտ» նախագիծը, որն այդպես էլ կյանքի չկոչվեց, սակայն 1925-ին Փարիզում արժանացավ «Մրցույթից դուրս» պատվո դիպլոմին։
Նա հայ էր արյամբ ու հոգեմտակերպով, անդավաճան հայ էր։ 1914-ին Ա. Մյասնիկյանի և Ա. Ջիվելեգյանի հետ Մոսկվայում հանդես է գալիս հանուն հայ մշակույթի պաշտպանության` ընդդեմ վանդալիզմի։ 1917-ի հաստոցային 5 աշխատանքով մասնակցում է Թիֆլիսում կազմակերպված «Հայ արվեստագետների միության» անդրանիկ ցուցահանդեսին։ 1919-ին Ա. Խաչատրյանի և Վ. Տերյանի հետ հիմնում է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիան, Ռ. Սիմոնովի ընկերակցությամբ բեմականացնում է Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» և Գ. Սունդուկյանի «Պեպոն»։ 1926-ին ընդգրկվում է Երևանի Ժողտան (Օպերային թատրոնի) մրցութային հանձնախմբում և եռանդուն պաշտպանում է Ա. Թամանյանի նախագիծը։
ԵՐԿՐՈՒՄ
Նրա կյանքի մայրամուտը երկրում էր։ Երևանի պետական թատրոնում (Սունդուկյանի անվան թատրոն) ձևավորում է Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» և Շիրվանզադեի «Մորգանի խնամին»։ Ձևավորում է` նոր-նոր ոտքի կանգնող հայրենիքի մշակույթը հարստացնելով իր ներկայությամբ։
Նա ապաքինվում է Դիլիջանում, և ամեն ժամ հետազոտողի հիացմունքով էր հիանում այդ եզերքի արարչական հզոր սիմֆոնիայով։
Առանձնահատուկ է «26 կոմիսարների» հուշարձանի նախագիծը։ Այն պիտի հառներ հրապարակում քանդակի, ճարտարապետության և որմնանկարի միահյուսմամբ, որպես մի ամբողջական կոթող։
Սակայն նրա մասին անգամ մի տող չկա «Սովետական մեծ հանրագիտարանում»։ Ի դեպ, 1964-ից Փարիզում գործում է Գեորգի Յակուլովի արվեստի համակիրների ընկերությունը։
«ՀՐԱՇԱԼԻ ԺՈՐԺ» ՊՈՒՐԱԿԸ ՄԱՅԱՔԱՂԱՔՈՒՄ
Դժվար է հայ ազգային բազմահարուստ կերպարվեստում գտնել ավելի դրամատիկական կերպար, քան Յակուլովն է։ Եվ դժվար է համակերպվել Գեորգի Յակուլով-Գևորգ Յակուլյան արտերևույթի բացակայության հետ։
Երկիրը շեղվել է բնականոն հունից, Երկրում բացակա են Վարդգես Սուրենյանցը ու Հակոբ Գյուրջյանը, Էդգար Շահինն ու Լևոն Թյությունջյանը, Ալեքսանդր Բաժեուկ-Մելիքյանը և Ռուբեն Շահվերդյանը, Աշոտ Հովհաննիսյանը և Հովհաննես Զարդարյանը, Ժանսեմն ու Գառզուն... շատերը։ Վերստին հիշեցում. զբոսաշրջիկային Երուսաղեմ դառնալու մեր նախկին (առավել ևս ներկա) իշխանա-կառավարական վերնադասի ջանքերը դատապարտված են զրոյացման, քանզի լյառն Արարատի վսեմաշուք հայացքի ներքո վերջերս կերտված հայկական հերթական պետականությունը հանրահայտ է որպես «տարածաշրջանային վետերոկ», ուր սնունդը համեղ է, սպասարկումը` որակյալ։ Դարձյալ հիշեցում. արվեստասեր զբոսաշրջիկներին որպես կերպարվեստային հայտնություն մատուցելով Գաֆէսճեան կենտրոնը` կամովին վարկաբեկվում եք, այն էլ գլուխն ի ոտ։ Զի քաղաքակիրթ աշխարհին հետաքրքիր է Հայաստանի ազգային կերպարվեստը։ Եվ առաջարկս` Երևանում ստեղծել հայ կերպարվեստի երևելիների, նաև «Հրաշալի Ժորժի» պուրակները։ Թե որտեղ, կնշեմ հաջորդ նյութում։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ